5 օգոստոսի 2011 - 15:45 AMT
Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը կմասնակցի 128 որակավորում ունեցող շախմատիստ 46 երկրից

Օգոստոսի 26-ին Խանտի Մանսիյսկում մեկնարկում է Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը, որը կտևի մինչև սեպտեմբերի 21-ը: Մրցաշարը կանցնի նոկաուտի համակարգով՝ պարտվողը դուրս կմնա մրցումներից: 46 երկրների 128 մասնակիցներից վերջին ռաունդում առաջին տեղերի համար կպայքարեն ընդամենը 4 խաղացողներ, որոնք հաղթող կճանաչվեն նախորդ ռաունդներում:

Հայաստանը մրցաշարում կներկայացնեն երեք շախմատիստներ: Առաջին ռաունդի վիճակահանության արդյունքում աշխարհի թիմային առաջնության չեմպիոն ու Հայաստանի հավաքականի երկրորդ համար Սերգեյ Մովսիսյանը կխաղա չինացի շախմատիստուհի Հուո Իֆանի հետ: Նրա թիմակից Վլադիմիր Հակոբյանը առաջին տուրում կխաղա Պարիմարջան Նեգիի (Հնդկաստան) հետ:

2009թ. Հայաստանի չեմպիոն Արման Փաշիկյանի մրցակիցը կլինի Ռադոսլավ Վոյտաշեկը (Լեհաստան):

2011թ. շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունն ընդգրկված է 2011-13թթ. աշխարհի առաջնության խաղաշրջանում: Մրցումներին մասնակցում են միայն որակավորւոմ ունեցող շախմատիստները՝ աշխարհի չեմպիոն, 2009թ. աշխարհի գավաթի կիսաեզրափակչի մասնակիցներ, կանաց աշխարհի չեմպիոն, պատանիների աշխարհի չեմպիոն, 20 վարկանիշային խաղացողներ, մայրցամաքային խաղերի 90 խաղացողներ, ինչպես նաև ՖԻԴԵ-ի նախագահի վեց նոմինանտներ և կազմակերպչի չորս նոմինանտ:

2005թ. հայ շախմատիստներից աշխարհի գավաթի գավաթակիր դարձավ ՖԻԴԵ-ի վարկանիշի 3 հորիզոնականը զբաղեցնող և Հայաստանի հավաքականի թիվ մեկ խաղացող Լևոն Արոնյանը: