5 օգոստոսի 2011 - 16:43 AMT
Մի շարք լիբանանյան ընկերություններ կարող է ներդրումներ կատարեն Հայաստանի ապահովագրական ծառայությունների ոլորտում

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` օգոստոսի 5-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժեբրայիլ Ժեարային, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Ողջունելով դեսպանին կառավարությունում` վարչապետը բարձր է գնահատել հայ-լիբանանյան հարաբերությունների ներկա մակարդակը: Տիգրան Սարգսյանը կարևորել է Ժեբրայիլ Ժեարայի աշխատանքը Հայաստանում` երկկողմ հարաբերություների զարգացման և ամրապնդման գործում: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին` պաշտոնավարման ութ տարիների ընթացքում հայ-լիբանանյան միջպետական հարաբերությունների մակարդակի բարձրացման նպատակով ներդրած ավանդի համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ժեբրայիլ Ժեարան հավաստիացրել է, որ իր երկրի կառավարությունը ևս նպատակաուղղված է ջանքեր գործադրելու` հայ-լիբանանյան հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնելու և զարգացնելու համար: Դեսպանը տեղեկացրել է, որ լիբանանյան մի քանի ընկերություներ հետաքրքրված են Հայաստանում ներդրումների իրականացմամբ` ապահովագրական ծառայությունների մատուցման ոլորտներում:

Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանն ու Լիբանանը, ունենալով բազմաթիվ ընդհանրություններ և երկու երկրների ժողովուրդների միջև հաստատված պատմական ավանդույթներ, մշտապես շարունակելու են արդյունավետ համագործակցությունը: