6 օգոստոսի 2011 - 14:46 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Բարաք Օբաման արգելել է ցեղասպանության մեջ կասկածվող անձանց մուտքն ԱՄՆ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրամանագիր է ստորագրել, որով արգելվում է այն անձանց մուտքը ԱՄՆ, որոնց կասկածում են մարդու իրավունքների ու ցեղասպանություն գործելու մեջ: «Արգելվել է նաև այն օտարերկրացիների մուտքը երկիր, որոնք ծրագրել են, հրամայել են կատարել կամ օգնել են իրագործել բռնության զանգվածային գործողություններ քաղաքացիական բնակչության դեմ ռասայական պատկանելության, սեռի, սեռական կողմնորոշման, ցեղերի ու սոցիալական խմբերի պատկանելության հատկանիշներով, ինչպես նաև քաղաքական դրդապատճառներով»,-ասվում է փաստաթղթում:

Օբաման նաև կարգադրել է ստեղծել Ոճրագործությունների կանխարգելման գործակալություն (Atrocities prevention board), որը կհետեևի բռնության խոշոր պոտենցիալ ակտերին ողջ աշխարհում: Ըստ նախագահի, «Հոլոքոսթից 66 և Ռուանդայի քաղաքացիական պատերազմից 17 տարի անց դեռ չի ստեղծվել խոշորամասշտաբ հանցագործությունների ու ցեղասպանության կանխման մեխանիզմ»: Որոշման պատասխանատուն կլինի ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, գրում է «Կոմերսանտ» թերթը:

Արդեն կազմված է այն 33 երկրների ցանկը, որտեղ մարդու իրավունքները վտանգված են: Ամենից բարդ է վիճակն Աֆղանստանում, Կոնգոյում, Իրաքում, Մյանմայում, Պակիստանում, Սոմալիում, Սուդանում ու Շրի Լանկայում՝ նրանք ընդգրկվել են «կարմիր խմբի» մեջ: Ցեղասպանությունների կանխարգելման խումբը խորհուրդ է տալիս ճնշում գործադրել այդ պետությունների վրա ու խաղաղապահ առաքելություններ գործուղել այնտեղ:

«Նարնջագույն խմբում» ընդգրկված է ևս 25 երկիր: Ռազմական ստորաբաժանումներ այդ երկրներ կգործուղվեն միայն ծայրահեղ դեպքում: Այդ ցուցակում են հայտնվել նաև Վրաստանն ու Իսրայելը: ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Տոները պարզաբանել է, որ Օբամայի նախաձեռնությունը մարդու իրավունքների խախատումներ թույլ տված անձնաց հանդեպ մոտեցումը կանոնակարգելու փորձ է: Նա օրինակ է բերել այսպես կոչված «Մագնիտսկու ցուցակը», որտեղ ընդգրկված են Hermitage Capital հիմնադրամի իրավաբանի գործի հետ կապված պաշտոնյաները, որոնց մուտքն ԱՄՆ արգելված է:

Հարկ է նշել, որ Բարաք Օբաման իր նախընտրական արշավի ժամանակ խոստացել էր ընտրություններում հաղթանակի դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն մինչ օրս չի կատարել խոսոտումը: Արդեն մի քանի անգամ է, ինչ նա ապրիլի 24-ի իր հայ համայնքին ուղղված ուղերձում այդ ողբերգական իրադարձություններն անվանում է Մեծ եղեռն հայկական եզրույթով, սակայն չի արտասանում Հայոց ցեղասպանություն բառակապակցությունը, այդպիսով իսկ նպաստելով թուրքական ուրացման քաղաքականությանը:

ՖՈՏՈՇԱՐՔ