6 օգոստոսի 2011 - 17:03 AMT
ԿԱՐԾԻՔ
ՖՈՏՈՇԱՐՔ
Թուրքերի և ադրբեջանցիների մուտքն ԱՄՆ, ըստ ամենայնի, պետք է արգելվի, Օբաման չի ցանկանում իր երկրում ցեղասպանության մեղավորների տեսնել

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրամանագիր է ստորագրել, որով արգելվում է այն անձանց մուտքը Միացյալ Նահանգներ, որոնց կասկածում են մարդու իրավունքների խախտման և, ամենակարևորը, ցեղասպանության իրագործման մեջ: Նման անձանվ թվին են պատկանում նրանք, ովքեր ծրագրել, կարգադրել և օգնել են իրագործել բռնության զանգվածային գործողություններ քաղաքացիական բնակչության դեմ ռասայական պատկանելության, սեռի, սեռական կողմնորոշման, ցեղերի ու սոցիալական խմբերի պատկանելության հատկանիշներով, ինչպես նաև քաղաքական դրդապատճառներով: Արգելվում է նաև բոլոր այն անձանց մուտքը, որոնք մասնակից են ռազմական հանցագործություններին»,-ասվում է փաստաթղթում: Որոշման պատասխանատուն ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն է:

Ավելին, Օբաման կարգադրել է ստեղծել Ոճրագործությունների կանխարգելման գործակալություն (Atrocities prevention board), «որը կհետևի բռնության խոշոր պոտենցիալ ակտերին ողջ աշխարհում»: Ըստ ամերիկյան նախագահի, «Հոլոքոսթից 66 և Ռուանդայի քաղաքացիական պատերազմից 17 տարի անց դեռ չի ստեղծվել խոշորամասշտաբ հանցագործությունների ու ցեղասպանության կանխման մեխանիզմ»: Ընդ որում, «ԱՄՆ նախագահի կարծիքում» ոչինչ չի ասվում 20-րդ դարի առաջին ցեղասպանության` Հայոց ցեղասպանության մասին Օսմանյան Թուրքիայում, որը 1,5 մլն կյանք խլեց: Օբաման, դեռևս չլինելով նախագահ, բազմիցս խոստացել է ընտրվելու դեպքում անպայման ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նույն դիրքորոշումը նախքան ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նշանակվելը կիսում էր նաև Հիլարի Քլինթոնը:

Սակայն ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո Օբաման ամեն կերպ խուսափում է իր խոստումը կատարելուց, արդեն մի քանի անգամ է, ինչ նա ապրիլի 24-ի իր` հայ համայնքին ուղղված ամենամյա ուղերձում այդ ողբերգական իրադարձություններն անվանում է «Մեծ եղեռն» հայկական եզրույթով:

Չնայած ամերիկյան նախագահի «մոռացկոտությանը», ելնելով նրա հրամագրի տրամաբանությունից, այսուհետ Հայոց ցեղասպանության մեջ մեղավոր և մինչ օրս սեփական մեղքը ժխտող թուրքերի և, առավել ևս, ընդամենը 20 տարի առաջ Սումգայիթում և Բաքվում տեղ գտած զանգվածային սպանությունների մեջ մեղավոր ադրբեջանցիների մուտքն ԱՄՆ արգելված պետք է լինի: Իհարկե, միամտություն կլինի ենթադրել, որ այսքան տարի Թուրքիայի ժխտման քաղաքականությանն աջակցելուց և Սումգայիթում ու Բաքվում հայերի ջարդերն «անտեսելուց» հետո ամերիկյան կառավարությունը կորոշի վերականգնել արդարությունը և արգելել մուտքն ԱՄՆ Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչների համար` նրանց որակելով գոնե որպես ցեղասպանության մեջ «կասկածյալներ»: Սակայն, լավատեսորեն նայելով ապագային, կարելի է հուսալ, որ ԱՄՆ նախագահի այդ հրամանագիրը կդառնա առաջին, թեկուզև փոքր քայլը, և ամերիկյան կառավարությունը համարձակություն կունենա առերեսվելու իրականությանը, ճանաչելու Հայոց ցեղասպանությունն ու դատապարտելու Սումգայիթի և Բաքվի ցեղասպանությունների ոճրագործներին:

ՖՈՏՈՇԱՐՔ