Հնդկական Չեննայ քաղաքում շարունակվում է մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունը: Երիտասարդական մրցաշարում արդեն կայացել է 6 տուր և, շնորհիվ հաղթանակների, Հայաստանի ներկայացուցիչներ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը բարելավել են իրենց դիրքը մրցաշարային աղյուսակում:
Երկու գրոսմայստերները վաստակել են 5-ական միավոր, Սամվել Տեր-Սահակյանը հայտնվել է 3-րդ, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 5-րդ տեղում: Նրանք միայն մեկ միավոր են զիջում առաջատարին: 7-րդ տուրում Տեր-Սահակյանը կխաղա Ռոմբալդոնիի հետ, իսկ Հովհաննիսյանի մրցակիցը կլինի Նիկլաս Հյուչենբետը (Գերմանիա), որը զբաղեցնում է 2-րդ տեղը:
Աղջիկների մրցաշարում Մարիա Գևորգյանը վաստակել է 2,5 միավոր և գրավում է 41-րդ տեղը: 7-րդ տուրում նրա մրցակիցը կլինի Մաե Ֆրայնան (Ֆիլիպիններից):