8 օգոստոսի 2011 - 19:14 AMT
Դավիթ Կարապետյանը ապատեղեկատվություն է անվանել Խաչատուրովին վերագրվող հայտարարությունը

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանիմեկնաբանելով մամուլում տարածված այն տեղեկությունը, թե իբր ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հանդիպումներից մեկի ժամանակ խոսել է ազատագրված տարածքները հանձնելու օգտին, նշել է. «Ակնհայտ է, որ դա պարզապես ապատեղեկատվություն է»:

Ըստ նրա, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձն է և իրականացնում է զինված ուժերի կառավարումը: «Ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ բանակցությունները ոչ թե զինվորական, այլ քաղաքական իշխանությունների իրավասությունն են: Զինված ուժերի գլխավոր շտաբի լիազորությունները սահմանված են Պաշտպանության մասին ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով»,- հայտարարել է ՊՆ ներկայացուցիչը, հավելելով, որ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը ակտիվորեն մասնակցել է արցախյան պատերազմին և քաջ գիտակցում է, թե ինչ զոհողություններով է ձևավորվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության գոտին: