8 օգոստոսի 2011 - 21:14 AMT
Ստանիսլավ Տարասով. Ղարաբաղյան հակամարտության ճակատագիրը լուծվում է բոլորովին ոչ Երևանի կամ Բաքվի կամքով

Այնպիսի հակամարտության ճակատագիրը, ինչպիսին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցն է, լուծվում է ոչ թե Ադրբեջանի կամ Հայաստանի նախագահի կամքով, այլ մեծ և տարածաշրջանային քաղաքականության սահմանին: Այդ մասին հայտնել է ռուսաստանյան քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը, հաղորդում է Analitika.at.ua-ը:

«Իրադարձություններն Ադրբեջանում (Սումգայիթ, Կիրովաբադ ևն) իրավական գնահատականի կարիք ունեն»,- հայտնել է փորձագետը` մեկնաբանելով այն հարցը, թե արդյոք Հայաստանի համար նախադեպ է հանդիսանում Ռուսաստանի դիմումը Միջազգային դատարան Հարավային Օսեթիայում պատերազմի կապակցությամբ: Քաղաքագետի կարծիքով, այժմ տարբեր դատավարություններ կարող են ընդամենը քարոզչական ազդեցություն ունենալ, իսկ դա ներքին սպառման արտադրանք է:

«Ղարաբաղյան հիմնահարցի ճակատագիրը որոշվում է ոչ թե Ադրբեջանի կամ Հայաստանի նախագահի կամքով, այլ մեծ և տարածաշրջանային քաղաքականության սահմանին: Հենց դրանում է կայանում իրադրության հիմնական առանձնահատկությունն ու տարբերությունը` համեմատած Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հետ»,- ամփոփել է Ստանիսլավ Տարասովը:

Ռուսաստանը Հարավային Օսեթիայում պատերազմի մասին գործ է ուղղել Միջազգային դատարան: Ռուս հետազոտողների տվյալների համաձայն, «Հարավային Օսեթիայի վրա Վրաստանի հարձակման» արդյունքում խաղաղ բնակիչներ են սպանվել, ամբողջությամբ ավիրվել են հարյուրավոր տներ, Հարավային Օսեթիայի ավելի քան 16 հազար բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները: Դատարանին առաջադրված նյութերում խոսվում է նաև վրացական կողմի «նախօրոք տարված մանրակրկիտ ռազմական, քաղաքական և քարոզչական» նախապատրաստության մասին: