9 օգոստոսի 2011 - 15:52 AMT
Mozilla Firefox 5 և Firefox 6-ը արդեն հասանելի են հայերենով, հաջորդը կթարգմանվի Firefox Aurora-ն

«Մոզիլլա Հայաստան» թիմի անդամ և HaySoft նախագծի նախաձեռնող Հրանտ Օհանյանը տեղեկացրեց PanARMENIAN.Net-ի թղթակցին, որ Mozilla Firefox բրաուզերի 5 և 6 տարբերակներըհայերեն լեզվով արդեն կարելի է բեռնել Firefox-ի կայքից։

«Firefox 5-ը վերջնական տարբերակով է, իսկ Firefox 6-ը դեռ բեթա (beta) է։ Մենք այժմ սկսում ենք Firefox 7-ի թարգմանությունը, որի պաշտոնական անվանումը Firefox Aurora է»,- ասաց Հրանտ Օհանյանը։

Mozilla Firefox 5-ի և 6-ի հայերեն տարբերակները և ընդհանրապես բրաուզերի հայերեն թարգմանված բոլոր տարբերակները հասանելի են բոլոր ՕՀ-ների (օպերացիոն համակարգերի) համար՝ թե՛ Mac-ի, թե՛ Windows-ի և թե՛ Linux-ի։

«Մոզիլլա Հայաստան» թիմի նպատակն է հայաֆիկացնել Մոզիլլա կազմակերպության ծրագրերը՝ հասանելի դարձնելով հայերեն լեզվով և հայկական ՏՏ ոլորտում հայերենի տարածումը։ Աշխատանքը ղեկավարում են Mozilla Foundation-ի 2 կամավոր աշխատակիցներ (Contributor)՝ Արմեն Զամբրանո Գասպարյանը և Ռոբերտ Սարգսյանը, իսկ կամավոր թարգմանիչները 11-ն են։