9 օգոստոսի 2011 - 18:53 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Սերժ Թանկյանի երևանյան մենահամերգը ուղիղ կհեռարձակվի՞

Սերժ Թանկյանի երևանյան մենահամերգի կազմակերպիչ «Դիիմ Քոմյունիքեյշնզ» ընկերության PR-ի և հատուկ միջոցառումների բաժնի ղեկավար Մարիամ Մովսիսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրեց, որ Սերժ Թանկյանի մենահամերգի ուղիղ հեռարձակումը դեռ հաստատված չէ։

«Կա ընկերություն, որը զբաղվում է Թանկյանին վերաբերող ցանկացած հրապարակումներով։ Այժմ բանակցություններ են գնում ԱՄՆ-ում նրա հեռարձակման իրավունքերի իրավասու կազմակերպության իրավաբանների հետ։ Մինչև պայմանագիր չստորագրվի, չեմ կարող հաստատել նման տեղեկությունները»,- ասաց Մարիամ Մովսիսյանը։

Սակայն Մարիամ Մովսիսյանը հաստատեց, որ հեռարձակման դեպքում կլինի ոչ թե օնլայն հեռարձակում, այլ՝ հեռուստատեսային։

Սերժ Թանկյանի օգոստոսի 14-ին կայանալիք երևանյան մենահամերգը կանցկացվի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բակում՝ բացօթյա և անվճար։

Սերժ Թանկյանը արդեն մենահամերգով հանդես է եկել Երևանում 2010-ի ամռանը, իսկ System of a Down խումբը, միավորվելով 2011 թվականին, սկսել է իր համերգաշրջանը Եվրոպայում:

ՖՈՏՈՇԱՐՔ