11 օգոստոսի 2011 - 15:57 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Վիկ Դարչինյան. Երևանում ես անպայման կհաղթեմ Էվանս Մբամբային

IBO վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ անպայման հաղթելու է Էվանս Մբամբային ՀԱՀ-ից: «Նա շատ լավ բռնցքամարտիկ է, սիրում է պայքարել և ընդամենը մեկ պարտություն ունի: Սակայն, դա չի նշանակում, որ նա կարող է հաղթել ինձ: Ես շատ լավ եմ պատրաստվել և շատ ուրախ եմ, որ Հայաստանում եմ պաշտպանելու իմ գոտին»,-ասել է Դարչինյանը:

Հայ բռնցքամարտիկը խոստովանել է, որ իր հաղթանակը կնվիրի Հայաստանի ու Արցախի անկախության 20-ամյա տարեդարձին:

Ըստ Դարչինյանի մարզիչ Վազգեն Բադալյանի, մարզումները Ծաղկաձորում լավ են ընթանում և արդեն օգոստոսի 20-ից կշարունակվեն Երևանում: «Վիկը շատ ջանադրաբար է մարզվում, նրա համար միևնույն է, թե ով է մրցակիցը, նա միշտ լավ է պատրաստվում: Ֆիզիկապես նա սկսել է պատրաստվել դեռևս Ավստրալիայում: Այժմ Ծաղկաձորում սպարինգներ ենք անցկացնում, իսկ Երևանում ուշադրությունը կկենտրոնացնենք տեխնիկատակտիկական վարժությունների վրա»:

Դարչինյանի ու Մբամբայի մենամարտը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին Երևանում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այդ օրը ռինգ դուրս կգան նաև Ազատ Հովհաննիսյանը, Գաբրիել Տոլմաջյանը և Հովհաննես Ժամկոչյանը, իսկ կանանցից՝ Ագնեսա Բոժան Լատվիայից: Շոուն կսկսվի տեղի ժամանակով ժամը 19:00-ին, տոմսերն արդեն վաճառվում են:

ՖՈՏՈՇԱՐՔ