11 օգոստոսի 2011 - 17:01 AMT
Մարկո Ֆարանին պատրաստ է անձամբ աջակցել Հայաստանի հետ համատեղ ծրագրերի իրականացմանը

Օգոստոսի 10-ին Բրազիլիայում Հայաստանի դեսպան Աշոտ Եղիազարյանը հանդիպել է Բրազիլիայի համագործակցության գործակալության տնօրեն, նախարար Մարկո Ֆարանիի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: Հանդիպման ընթացքում Ֆարանին նշել է, որ գործակալությունը հանդիսանում է Բրազիլիայի ԱԳՆ-ին կից գործող կարևոր մարմին, որը կազմակերպում, ֆինանսավորում և իրականացնում է տեխնիկական համագործակցությունը օտարերկրյա բոլոր երկրների հետ:

Գոհունակություն հայտնելով, որ Հայաստանը մուտք է գործում գործակալության ծրագրերի մեջ, նա նշել է, որ Բրազիլիան մինչև տարեվերջ կընդունի ՀՀ գյուղնախարարության չորս մասնագետների` վերապատրաստելու գյուղ և անասնապահական մթերքների, այգեգործության և գինու արտադրության ոլորտներում, Հայաստան կուղարկի Բրազիլիայի հրշեջ ծառայության պատվիրակությանը` նրա գլխավոր հրամանատարի ղեկավարությամբ:

Մարկո Ֆարանին նաև պատրաստակամություն է հայտնել առաջիկայում ընդունել ՀՀ գյուղնախարարության բարձրաստիճան պատվիրակությանը, պարբերաբար քննարկել և ընթացք տալ համագործակցության այլ ծրագրերի: