11 օգոստոսի 2011 - 19:52 AMT
Ոստիկանությունը մտադիր է զտել իր շարքերն ու բարձրացնել իր հեղինակությունը բնակչության շրջանում

Հայաստանի Ոստիկանությանը հաջողվել է 2011թ. առաջին վեց ամսվա ընթացքում գրեթե բոլոր ուղղություններով հանցագործությունների բացահայտման ցուցանիշները պահպանել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշների նույնությամբ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը: Նրա խոսքով, բացառությամբ երկու ուղղությունների, մնացած ուղղություններով անգամ բացահայտման ավելացում է արձանագրվել: Ընդ որում, Սարգսյանն ընդգծել է, որ անցյալ տարի հանցագործությունների բացահայտման` բոլոր տարիների ընթացքում աննախադեպ ցուցանիշ է արձանագրվել: Ոստիկանության պետը նշել է նաև 2011թ. առաջին 6 ամսվա ընթացքում հանցագործությունների քանակի աճը 573 դեպքով:

Սարգսյանը, մասնավորապես, նշել է սպանությունների, ՃՏՊ արդյունքում մահերի, ինչպես նաև լատենտային, մասնավորապես` տնտեսական ոլորտի, թմրադեղերի և զենքի շրջանառության հետ կապված հանցագործությունների քանակի աճը: «Թող դա ոչ մեկին չանհանգստացնի, դա բնական երևույթ է: Գլխավորը հանցավորության դեմ պայքարն է: Հանցավորության դեմ պայքարում լավագույն պրոֆիլակտիկան և ցուցանիշը հանցագործությունների բացահայտումն է, որտեղ մենք լուրջ ձեռքբերումներ ունենք»,- ընդգծել է նա:

Ալիկ Սարգսյանն առանձնապես նշել է նաև Ոստիկանության կողմից օրինախախտներից և անբարեխիղճ աշխատակիցներից իր շարքերի զտման և բնակչության շրջանում ոստիկանության հեղինակության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքը: Նա ընդգծել է, որ այդ ուղղությամբ աշխատանքը շարունակական բնույթ է կրելու: