Հայաստանում ամեն տարի ավելանում է էսթետիկ- պլաստիկ վիրահատությունների ծավալը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցացիայի նախագահ, բժշկականգիտությունների թեկնածու Արմեն Հովհաննիսյանը. «Դեռևս 80-ական թվականներից Հայաստանում սկսել են կատարել պլաստիկ վիրահատություններ, սակայն սկզբնական շրջանում դրանք կրել են զուտ վերականգնողական բնույթ: Էսթետիկ վիրահատությունների ծավալները սկսեցին ավելանալ հատկապես վերջին 10-15 տարիների ընթացքում»:
Նա նշեց, որ իրենց դիմում են ինչպես նորածինների մոտ բնական արատների վերացման համար, այնպես էլ 60-ամյա մարդիկ, ովքեր ուզում են շտկել և՛ արտաքին տեսքը, և՛ առողջական դժվարություններ առաջացնող խնդիրները:
«Ավելի երիտասարդ և միջին տարիքում հիմնականում դիմում են էսթետիկ միջամտության` քթի, ականջախեցիների վիրահատության համար: Մինչդեռ տարեցները դիմում են ծերացման հետևանքով առաջացող թերությունների վերացման համար»,- ասաց ասուլիսի մյուս բանախոսը` բժշկական գիտությունների թեկնածու, պլաստիկ–վիրաբույժ Գնել Անանյանը:
Բժշկական գիտությունների թեկնածու, դոցնետ, «Միքայելյան վիրաբուժության իսնտիտուտի» պլաստիկ և դիմածնոտային բաժնի ղեկավար Հայկ Ենոքյանն էլ հավելեց, որ իրենց հաճախորդների մեծամասնությունը չի ցանկանում նմանվել որևէ հանրահայտ մարդու, այլ ընդհակառակը` ցանկանում են ստանալ բնականին մոտ արդյունք:
Բժիշկները նշեցին, որ հայերն ամենաշատը դիմում են քթի պլաստիկ վիրահատության համար: Երկրորդ տեղում են փորի առաջնապատի և կրծքագեղձերի վիրահատությունները, որոնց հաջորդում է դեմքի մաշկի ձգումը: