13 օգոստոսի 2011 - 13:41 AMT
Մի խումբ բնապահպաններ բաց նամակով դիմել են Սերժ Թանկյանին

Մի խումբ բնապահպաններ տարբեր էկոլոգիական նախաձեռնություններից բաց նամակով դիմել են այս օրերին Հայաստանում գտնվող աշխարհահռչակ ամերիկահայ ռոք երաժիշտ, հասարակական գործիչ Սերժ Թանկյանին:

Նամակում նրանք մտահոգություն են հայտնում Հայաստանում ստեղծված բնապահպանական վիճակի վերաբերյալ՝ գրելով. «Այսօր զարգացման անվան տակ ոչնչացվում են հսկայական լեռնաշղթաներ`ոսկու, մահաբեր ուրանի, մոլիբդենի, պղնձի, երկաթի, արծաթի և այլ մետաղների կորզման, գերշահույթ ստանալու նպատակով: Զարգացման կամ աշխատատեղերի բացման նպատակով հենց հայի ձեռքերով հօդս են ցնդում կուսական վայրի անտառներ` դարձնելով մեր երկիրը ամայի, անմարդաբնակ ու անշունչ»:

Բնապահպանական թեման զարգացնելով՝ նամակի հեղինակները մատնանշում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից 2005թ. հրապարակված մի զեկույց, որտեղ Հայաստանը ԱՊՀ երկրների շարքում անոմալ ծնունդների թվով երկրորդն է Ղրղզստանից հետո:

Բնապահպանները Թանկյանից խնդրում են զարկ տալ հայ հասարակությանը, կառավարությանը, սփյուռքահայությանը իր կոչերով, երգերով, ոգեշնչող խոսքով.

«Զարկ տուր, թող հայ մարդը դադարի կտրել այն ճյուղը, որի վրա նա նստած է»: