16 օգոստոսի 2011 - 14:30 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Կ. Մանոյան. Թուրքիայի միջամտութունը Սիրիայի հակամարտությանը չի անդրադառնա հայ-սիրիական հարաբերությունների վրա

Սիրիայի ներքին հակամարտությանը Թուրքիայի միջամտության հավանականությունը բավականին մեծ է, այս հարցում Իրանի պասիվ դիրքորոշման համեմատ: Նման կարծիք է հայտնել ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը Երևանում կայացած մամլո ասուլիսում: «Թուրքիայի միջամտությունն, անկասկած, կանդրադառնա տարածաշրջանային գործընթացների վրա, սակայն, չի սպառնա ստատուս կվոյի փոփոխությանը հայ-սիրիական հարաբերություններում»,-ասել է Մանոյանը:

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հորդորել է Սիրիայի իշխանություններին անհապաղ դադարեցնել բանակի գործողությունները բողոքի ակցիայի մասնակիցների դեմ՝ նշելով, որ «եթե Սիրիայի իշխանությունները շարունակեն ուժ կիրառել խաղաղ քաղաքացիների դեմ, նրանց հետ «խոսակցության թեմա չի լինի»: Նախորդ շաբաթ թուրք նախարարը Դամասկոսում բանակցում էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ՝ փորձելով հասնել բռնության դադարեցմանը:

Սիրիայի նավահանգստային Լաթակիա քաղաքից հաղորդագրություններ են ստացվում նոր հրաձգության ու բախումների մասին: Ըստ իրավապաշտպանների, վերջին օրերին քաղաքում տասնյակ մարդիկ են զոհվել: Բանակի ստորաբաժանումները մտել են Հոմս նահանգի մի շարք քաղաքներ: Հաղորդագրություններ են ստացվում առ այն, որ զինվորականները կրակ են բացել պաղեստինցի փախստականների շրջանում, որտեղ շուրջ 10 000 մարդ է գտնվել: Որոշ տվյալներով, նրանցից կեսը արդեն լքել է ճամբարը:

Սիրիայում հակամարտության մեկնարկից ի վեր նախագահ Բաշար Ասադը հայտարարում է, որ պայքարում է ահաբեկիչների ու միջազգային դավադրության դեմ:

ՖՈՏՈՇԱՐՔ