Orange Armenia ընկերության մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում մեկնարկել է Orange Հիմնադրամի և Հայկական Ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) համատեղ ծրագիրը: Նպատակն է Շիրակի մարզի բնակիչների շրջանում անցկացնել անվճար ակնային զննումներ և իրականացնել բուժումներ սոցիալապես անապահով անձանց համար:
ՀԱՆ-ի ակնաբուժական խմբերը կայցելեն Շիրակի մարզի երկու քաղաքային և 44 գյուղական համայնքներ այսօրվանից սկսած։ Երեխաների համար Շիրակի մարզի 9 դպրոցներում կանցկացվեն նաև ակնային խնամքի հանրակրթական հատուկ դասընթացներ:
«Տեսողական խնդիրներ ունեցողներն Orange Հիմնադրամի հոգածության կենտրոնում են ոչ միայն Հայաստանում, այլ բազմաթիվ այլ երկրներում, ուր գործում է հիմնադրամը: «Բոլորին կոչ ենք անում այցելել և ստուգել տեսողությունը, նույնիսկ եթե կոնկրետ խնդիրներ այս պահին չունեն. կանխարգելումն ավելի հեշտ է, քան բուժումը, երբ տեսողությունն արդեն վատացած լինի»,- ասել է Orange հիմնադրամի գլխավոր քարտուղար Նազարեթ Սեֆերյանը:
«ՀԱՆ-ն արդեն 4-րդ անգամ է այցելում Շիրակ: Նախորդ այցելությունների ժամանակ մենք հետազոտել ենք 17 000 բնակչի, իրականացրել շուրջ 1.200 վիրահատություն, իսկ մոտ 4.000 մարդ ակնոց է ստացել: Այս անգամ նախատեսում ենք կատարել շուրջ 3.000 մեծահասակների և 1.200 երեխաների ակնային զննումներ, մոտ 250 վիրահատություն և լազերային բուժումներ, ինչպես նաև տրամադրել շուրջ 1.200 ակնոց»,- ասել է ՀԱՆ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը: Շիրակի մարզում ՀԱՆ-ի աշխատանքերին աջակցելու համար Orange Հիմնադրամը տրամադրել է 9 միլիոն դրամ: Շարժական հիվանդանոցը զինված է ժամանակակից տեխնիկայով: Այն ղեկավարում է Երևանի Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի բժիշկ Ասատուր Հովսեփյանը:
Շարժական հիվանդանոցը օգոստոսի 16-20-ը կգործի Անիի շրջանում, օգոստոսի 22- 31-ը`Արթիկում, սեպտեմբերի 1-14-ը` Ախուրյանում, սեպտեմբերի-14-ին և 15-ին` Աշոցքում և Ամասիայում: Աչքի շարժական հիվանդանոցը սեպտեմբերի 6-10-ը կլինի Մարալիկում, սեպտեմբերի 12-17-ը` Արթիկում և սեպտեմբերի 19-30-ը` Ախուրյանում: