17 օգոստոսի 2011 - 19:42 AMT
Մեթյու Բրայզան պատասխանել է ադրբեջանցի կանանց նամակին ղարաբաղյան հակամարտության մասին

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը խաղաղ ճանապարհով առաջնահերթ է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և պետքարտուղար Հիլարի Քլինթոնի համար: Այդ մասին Ղարաբաղի ազատագրման կազմակերպության Կանանց ադրբեջանական խորհրդին ուղղված իր նամակում նշել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: «Ինձ համար` որպես Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի, դա նույնպես առաջնահերթ խնդիր է»,- ասել է նա:

Նամակում Բրայզան նշել է նաև, որ հակամարտության լուծումը խաղաղ ճանապարհով կարող է ապահովել Ադրբեջանի, ողջ Հարավային Կովկասի զարգացումն ու կայունությունը տարածաշրջանում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը մեկնաբանելու խնդրանքով նամակը Ղարաբաղի ազատագրման կազմակերպության Կանանց ադրբեջանական խորհրդի նախաձեռնությամբ ուղարկվել է ՄԱԿ գլխավոր քարտուղարին, ԱՄՆ, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներին: