18 օգոստոսի 2011 - 11:18 AMT
Բերդ քաղաքում կանցկացվի ԲերդՔեմփ երիտասարդական համաժողովը

Օգոստոսի 24-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում կանցկացվի ԲերդՔեմփ երիտասարդական ֆորումը։

ԲերդՔեմփը անցկացվում է «Բերդ Այ Թի» հասարակական կազմակերպության «էլ-ուսուցման կենտրոն» ծրագրի շրջանակում։ Վերջինս էլ իր հերթին ֆինանսավորվում է «Եվրասիա» հիմնադրամի կողմից իրականացվող «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի միջոցով։

«Էլ-ուսուցման կենտրոն» ծրագրի ղեկավար Անահիտ Բադալյանը տեղեկացրեց PanARMENIAN.Net-ի թղթակցին, որ ԲերդՔեմփ-ի նպատակն է միավորել Բերդի ավագ դպրոցի աշակերտներին, համախմբել երիտասարդներին, փոխանակել գաղափարներ, ներկայացնել առաջարկներ և, ի վերջո, ներգրավել Բերդի աշակերտներին իրադարձություններում։

ԲերդՔեմփ-ին կմասնակցի մոտ 40 հոգի Բերդ քաղաքից և Երևանից։ Անահիտ Բադալյանի խոսքով, մասնակիցների կողմից նախատեսվում է 12 շնորհանդես։

«Մենք թեմատիկ որևէ սահմանափակում չենք դրել։ Մասնակիցների շնորհանդեսները կարող են լինել թե՛ նորագույն տեխնոլոգիաների, թե՛ մշակույթի և թե՛ այլ ոլորտի մասին»,- ասաց Անահիտ Բադալյանը։

Յուրաքանչյուր շնորհանդես ներկայացնողի կտրվի 10-15 րոպե։ Իսկ ամենաակտիվ շնորհանդես ներկայացնող խումբը կստանա Բերդ անունը կրող ձեռագործ արջուկ խաղալիքը։