Մոսկվայում ընթանում է հեծանվային սպորտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Մհեր Մկրտչյանը խմբային վազքում (սկրեչ մրցաձև) եզրագիծը հատեց երկրորդը, հռչակվեց փոխչեմպիոն և պարգևատրվեց արծաթե մեդալով: Մրցավազքին մասնակցեցին 25 երկրների մեկական ներկայացուցիչներ` 10 կմ մեկ վերջնագծով պայքարում:
18-ամյա Մհեր Մկրտչյանը Երևանի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի սանն է, մարզվում է Համբարձում Պետրոսյանի և Արմեն Գյոզալյանի ղեկավարությամբ: Ավարտել է Երևանի պետական օլիմպիական մարզական քոլեջը, Ֆիզկուլտուրայի ինստիտուտի երկրորդ կուրսի ուսանող է: Միջազգային բազմաթիվ մրցաշարերի հաղթող է, իսկ հունիսին Պորտուգալիայում անցկացված Եվրոպայի երիտասարդական առաջնությունում` վեց փուլով խմբային վազքում (օմնիում մրցաձև), եզրափակեց առաջին ութնյակը:
Օգոստոսի 20-ին Հայաստանի հավաքականը հանդես կգա 25 կմ միջանկյալ վերջնագծով խմբային մրցավազքում, PanARMENIAN.Net-ին հաղորդում են Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի մամլո ծառայությունից: