Գյուղատնտեսության ոլորտը Հայաստանում զգալի առաջընթաց է գրանցել 2011թ. առաջին կիսամյակում: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, մասնավորապես, զգալի նվաճումներ կան ցորենի մշակման ոլորտում: Ըստ նրա, բերքահավաքն արդեն ավարտին է մոտենում, արդեն հավաքվել է բերքի 87 տոկոսը: «Այսօրվա տվյալներով, մենք կարող ենք ասել, որ նախորդ տարվա համեմատ ցուցանիշները բավականին բարձր են»,-ասել է նա՝ հավելելով, որ եթե անցյալ տարի մեկ հեկտարից ստացվել է 21,2 ց բերք, ապա այս տարի՝ 28 ց: Նա նաև ասել է, որ 2014թ. Հայաստանն այլևս ցորեն չի ներկրի, քանի որ կկարողանա լիովին ապահովել սեփական պահանջները: «Եթե անցյալ տարի մենք ստացանք 183 000 տոննա ցորեն, ապա այս տարի կստանանք 210-215 000 տոննա»,-ասել է նա:
Սերգո Կարապետյանն ասաց նաև, որ բանջարաբուծության ոլորտւմ նույնպես աճ է գրանցվել: «Մինչ տարեվերջ կարտադրվի շուրջ 750 000 տոննա բանջարեղեն»,-ասել է նա՝ հավելելով, որ անցյալ տարի այդ ցուցանիշը կազմում էր 707 000 տոննա: Կարապետյանն ասել է նաև, որ այս տարի հավաքվել է 46 600 տոննա ծիրան, որից արտահանվել է 7 260 տոննան:
«Բացի այդ աննախադեպ հաջողություն է գրանցել ձկնաբուծությունը: Եթե նախորդ տարվա ընթացքում մենք արտադրել ենք 5 420 տոննա ձուկ, ապա այս տարի ակնկալում ենք մինչև 7 000 տոննա»,-ասել է նա՝ հավելելով, որ այսօրվա տվյալներով արդեն արտահանվել է 463 տոննա ձուկ, այն դեպքում , երբ նախորդ ողջ տարվա ընթացքում արտահանվել է մոտ 500 տոննա ձուկ: