25 օգոստոսի 2011 - 11:30 AMT
Չնայած Apple-ում իր պաշտոնից հրաժարականին՝ Սթիվ Ջոբսը մնալու է Walt Disney-ի տնօրենների խորհրդի կազմում

Apple ընկերության արդեն նախկին գլխավոր տնօրեն Սթիվ Ջոբսը շարունակելու է լինել Walt Disney ընկերության տնօրեններից մեկը իր 7,4 % ակցիաներով։ Սթիվ Ջոբսը Disney-ի բաժնետերերից է դարձել 2006 թվականին, երբ ընկերությունը 7 միլիարդ դոլարով գնեց Ջոբսի Pixar անիմացիոն ստուդիան։

Սթիվ Ջոբսը 2003թ-ից տառապում է քաղցկեղի հազվադեպ տեսակով։ 2009 և 2010թթ-ին Սթիվ Ջոբսի մասնակցությունը Disney-ի տնօրենների խորհրդի աշխատանքներին նվազեց՝ առողջական խնդիրների պատճառով։ 2011-ի հունվարից նա բուժումներ է ստանում։

Disney-ի տնօրեններից Սթիվ Ջոբսը միակն էր, ով 2010-ին չկարողացավ մասնակցել տնօրենների խորհրդի հանդիպումների 75%-ին։ Չնայած այս փաստին տնօրենների խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել խորհդի կազմը՝ ներառյալ Սթիվ Ջոբսին։

Երեկ Սթիվ Ջոբսը հայտարարեց Apple-ի գլխավոր տնօրենի պաշտոնից իր հրաժարականի մասին և հայտնեց նոր նախագահի՝ Թիմ Քուքի անունը։ Սթիվ Ջոբսի հրաժարականով Apple-ի ակցիաները ընկան 5 %-ով։