25 օգոստոսի 2011 - 14:34 AMT
ԵԱՀԿ ղեկավարը չի քննարկել ղարաբաղյան հարցը Մերձբալթյան երկրների և Գերմանիայի ԱԳՆ ղեկավարների հետ

Մերձբալթյանի երկրների և Գերմանիայի ԱԳՆ ղեկավարների ամենամյա հանդիպման օրակարգում չի քննարկվել ղարաբաղյան հակամարտության հարցը` չնայած որոշ ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Լիտվայի ԱԳՆ ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնյուս Աժուբալիսի մամլո քարտուղարը:

«Նախարարների հանդիպման ընթացքում քննարկվել են Շենգենյան գոտում տեղեկատվական դաշտի արդիականացման հարցերը: Հիմնական քննարկվող հարցերից է եղել տարածաշրջանում միջուկային անվտանգության և Մերձդնեստրյան հակամարտության հարցը»,- ասել է մամլո քարտուղարը:

Ավելի վաղ որոշ ԶԼՄ-ներ տեղեկատվություն են տարածել այն մասին, որ Լիտվայի ԱԳՆ ղեկավար Աուդրոնյուս Աժուբալիսը քննարկելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը Մերձբալթյան երկրների և Գերմանիայի ԱԳՆ ղեկավարների ամենամյա հանդիպման ընթացքում: