25 օգոստոսի 2011 - 18:53 AMT
WikiLeaks. ԱՄՆ-ը չի օժանդակում ՀՀ հետ հարաբերություններում Թուրքիայի նախապայմանների քաղաքականությունը

WikiLeaks կայքը հրապարակել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջեֆֆրիի 2010թ. հունվարի 26-ի հեռագիրը, որում նա անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Փաստաթղթում Ջեֆֆրին, մասնավորապես, նշում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման և հայ-թուրքական սահմանի բացման նպատակով 2009թ. հոկտեմբերի 10-ին ստորագրված Հայ-թուրքական արձանագրությունները մեծ նշանակություն ունեին տարածաշրջանի համար: «Սակայն ո'չ Հայաստանը, ո'չ էլ Թուրքիան ոչ մի քայլ չձեռնարկեցին վավերացման համար, քանի որ Թուրքիան նախապայմաններ է առաջադրում Լեռնային Ղարաբաղից հայկական զորքերի դուրսբերման տեսքով»,- նշում է նա: Փաստաթղթում ընդգծվում է նաև, որ այդ կետը համաձայնության մաս չի կազմել, և որ ԱՄՆ-ը չի օժանդակում այդ դիրքորոշումը: Ընդ որում, նա ընդգծում է, որ երկրների ապագա հարաբերությունները, միևնույն է, կապված են լինելու 1915թ. Հայոց ցեղասպանության հետ. «1915 թվականի իրադարձությունների ցանկացած բնորոշում որպես ցեղասպանություն բողոքի ալիք կբարձրացնի Թուրքիայում, ինչպես նաև ավերիչ ազդեցություն կունենա երկու երկրների քաղաքական, կոմերցիոն և ռազմական հարաբերությունների վրա»,- ընդգծել է նա: