26 օգոստոսի 2011 - 19:11 AMT
ՊԵԿ-ի սպասարկման ոլորտի հարկային գրասենյակները հանդես կգան որպես մեկ միասնական տեղեկատվական համակարգ

Հայաստանի կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի 2011թ. օրակարգի թիվ 1 հարցը շարունակում է մնալ հարկ վճարողների սպասարկման որակի բարելավումը: Ինչպես հաղորդում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, Կոմիտեն հետամուտ է, որպեսզի բոլոր հարկային տեսչությունները համապատասխանեցվեն մեկ ընդհանուր չափանիշի` և' սպասարկման մակարդակի բարձրացման, և' շենքային պայմանների բարելավման առումով:

Երևանում` հարկ վճարողների սպասարկման հերթական` չորրորդ ժամանակակից կենտրոնն է բացվել Նոր Նորքի հարկային տեսչությունում, որի աշխատանքներին ծանոթանալու նպատակով նորաբաց կենտրոն էր այցելել Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը: Կենտրոնի շինարարական աշխատանքները սկսվել են այս տարվա մարտից և ընդամենը մի քանի ամիս անց այն արդեն սպասարկում է տեսչության հարկատուներին` միջազգային չափանիշներին համապատասխան սպասարկման սրահով և հարմարավետ աշխատասենյակներով` համալրված ժամանակակից համակարգչային տեխնիկայով և անհրաժեշտ այլ պարագաներով: Երկրորդ հարկից առաջին հարկ է տեղափոխվել նաև տեսչության Տեղեկատվության և վերլուծությունների բաժինը` դրանով իսկ ավելի հեշտացնելով հարկ վճարողների աշխատանքն ու ելումուտը:

Հարկ վճարողների սպասարկման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները շարունակական բնույթ են կրելու. ընթացքի մեջ են նաև Շենգավիթի, Քանաքեռ-Զեյթունի հարկային տեսչություններում նմանատիպ սպասարկման կենտրոններ բացելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Կոմիտեի ղեկավարությունը հետևողական է հարկ վճարողների սպասարկման ամբողջ համակարգը բարձր և մեկ ընդհանուր մակարդակի հասցնելու հարցում: Մեկ միասնական տեղեկատվական համակարգը որպես հարկային գրասենյակների հիմնական գործառույթ` էլ ավելի կնպաստի հարկ վճարողների սպասարկման որակի կատարելագործմանը, դրանով իսկ ՊԵԿ-հարկատու փոխհարաբերությունները տեղափոխելով որակապես նոր հարթություն: