27 օգոստոսի 2011 - 13:09 AMT
Ժիրինովսկին աշխարհին շուտափույթ քաոս է կանխագուշակում

ՌԼԴԿ ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին գտնում է, որ այսօր ոչ մեկին ձեռնտու չէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ: Այդ մասին, ինչպես հաղորդում է կուսակցության պաշտոնական կայքը, նա հայտնել է մամլո ասուլիսում: ՌԼԴԿ ղեկավարի խոսքով, Ռուսաստանը` որպես ագրեսիայի օբյեկտ, պետք չէ ո'չ ՆԱՏՕ-ին, ո'չ ԱՄՆ-ին, ո'չ էլ Չինաստանին, «որովհետև մեր ցուրտ տարածքներում ցանկացած բանակ կկոտրվի»:

«Նրանք անհապաղ կփլուզվեն, եթե այստեղ մտցնեն իրենց զորքը: Եվ հետո ինչի՞ համար, երբ մենք առանց այդ էլ ամեն ինչ տալիս ենք նրանց` գումար, անտառներ, նավթ, մետաղ` ամեն ինչ: Գազատարներն ու նավթատարները օր ու գիշեր հումք են մատակարարում նրանց: Այսօր օկուպացնելու իմաստ չկա»,- հայտնել է Ժիրինովսկին:

Ընդ որում, նա ավելացրել է, որ հեղափոխությունն արդեն մոտեցել է Թուրքիայի սահմաններին:

«Ինչ-որ փուլում թուրքերը կսկսեն օգնել Սիրիայում Ասադի վարչակարգի տապալմանը: Այդ դեպքում Իրանը հանդես կգա ի պաշտպանություն Սիրիայի, քանի որ այնտեղ շիիթական բնակչություն կա: Գումարած Թուրքիայի և Իրանի միջև մրցակցությունը Մերձավոր Արևելքում գերիշխանության հարցում: Իսկ այդ միջոցին Ադրբեջանը կօգտվի իրադրության սրումից և կփորձի ուժով վերադարձնել Լեռնային Ղարաբաղը, այսինքն` կբռնկվի Հարավային Կովկասը, Հայաստանը»,- գտնում է ՌԼԴԿ առաջնորդը:

Ժիրինովսկու խոսքով, Ռուսաստանը ստիպված կլինի նույնպես միանալ` «օգնել փրկելու»:

«Վրացիները կփորձեն կրկին վերադարձնել Աբխազիան, Հարավային Օսեթիան: Կսրվի իրադրությունը Հյուսիսային Կովկասում: Այսինքն ամեն ինչ աստիճանաբար կմոտենա մեզ: Իսկ վերջնական սցենարն այն է, որ ողջ մահմեդական աշխարհը բռնկվի ժողովրդավարության և զարգացման կարգախոսների ներքո: Բայց սկզբունքորեն ամեն ինչ հանգեցնելու է քաոսի»,- ամփոփել է Վլադիմիր Ժիրինովսկին: