Եվրոպաբնակ երիտասարդ քաղաքական ակտիվիստները ցինիզմ են համարում Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների ձերբակալության, կալանավորման, նրանց հանդեպ մեղադրանքներ ներկայացնելու փաստացի իրավախախտ լինելու իրողությունը հերքող կամ կասկածի տակ դնելու միտում ունեցող ցանկացած քայլ: Այդ մասին նշվում է նրանց տարածած հայտարարության մեջ:
«Երիտասարդներն ակնհայտ դրսևորել են բոլոր այս տարիների ընթացքում իրենց տրամաբանական դիրքորոշումը՝ համոզմունքը, որ կա ելք՝ վեջապես ազատ, անկախ և ժողովրդավար հանրապետություն, ժամանակակից և խելամիտ հասարակություն կերտելու համար»,- նշվում է հայտարարության մեջ: Եվրոպաբնակ քաղաքական ակտիվիստները կոչ են անում բոլորին միանալ ժողովրդավարության հաստատման համար մղվող անարատ պայքարին, փոխարենը՝ իրար տակ փորել՝ հանուն աթոռի և սեփական շահերի:
«Իսկ մինչ երիտասարդ ակտիվիստներին քարկոծելը և նրանց քաղբանտարկյալ լինելու (հանձինս՝ Տիգրան Առաքելյանի, ով մինչ այժմ կալանավորված է՝ իր քաղաքական համոզմունքների ֆոնի առկայության ներքո) կարգավիճակը կասկածի տակ դնելը, կառաջարկեմ մարդկանց՝ առնվազն փորձել հասկանալ, որ հենց ձերբակալության պահին արդեն ոստիկանությունը չարաշահել է իր «պաշտոնը» և առանց օրինական հիմքերի, քաշքշելով, ծեծերի և հայհոյանքների ներքո (ինչի համար երբեք չեն կարող օրինական հիմքեր լինել), «խցկել» երիտասարդներին ոստիկանական մեքենաները: Արդեն իսկ այդ պահից սկսած՝ ակտիվիստները քաղբանտարկյալներ են»,- ընդգծում են հայտարարության հեղինակները:
Նրանք նշում են, որ շարունակելու են ձեռնարկել ցանկացած հնարավոր միջոց, մասնավորապես՝ ստորագրահավաքները, որոնք դեռ շարունակվելու են, սատարելու երիտասարդ ընդդիմադիր ակտիվիստներին և նրանց համոզմունքները, զերծ պահելու Հայաստանի Հանրապետությունը քաղբանտարկյալներից և կրկին ազատության մեջ տեսնելու ընդդիմադիր երիտասարդ քաղաքական ակտիվիստ Տիգրան Առաքելյանին:
Օգոստոսի 9-ին ժամը 22-ի սահմաններում Կարապի լճի շրջակայքում հերթական միջադեպն է տեղի ունեցել ՊՊԾ գնդի աշխատակիցների ևՀԱԿ-ի 7 երիտասարդ ակտիվիստների միջև:
Միջադեպը տեղի է ունեցել, երբ երիտասարդները մոտեցել են Երևանի ՊՊԾ գնդի աշխատակիցներին, ովքեր խուզարկելիս են եղել մի քանի քաղաքացիների: ՀԱԿ-ի ակտիվիստները պահանջել են ոստիկաններից հիմնավորել իրենց գործողությունները: Սակայն ՊՊԾ գնդի աշխատակիցները հարձակվել են ու ծեծի ենթարկել նրանց: Երիտասարդները տեղափոխել են Կենտրոնի ոստիկանության բաժին: