29 օգոստոսի 2011 - 16:19 AMT
Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչությունը դատապարտել է ահաբեկչությունը Նիգերիայում

Հայաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչությունը պաշտոնապես դատապարտել է վերջերս Նիգերիայում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի արդյունքում 18 մարդ է զոհվել, մոտ 60-ը վնասվածքներ են ստացել: Բոքո Հարամ արմատական իսլամիստական շարժումն իր վրա է վերցրել Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայում` ՄԱԿ-ի շենքում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը: ՄԱԿ-ի շենքում պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 26-ին: Ոստիկանությունը հենց Բոքո Հարամ շարժումն էր պայթյունից անմիջապես հետո նշում որպես ահաբեկչության ամենահավանական կազմակերպիչ:

Բոքո Հարամ («արևմտյան կրթությունը մեղք է») շարժումը հիմնադրվել է 2002 թվականին: Շարժման մարտիկները հանդես են գալիս Նիգերիայում արևմտյան օրինակով հասարակության կառուցման դեմ և պահանջում երկրում շարիաթի նորմեր հաստատել: 2011 թվականին Բոքո Հարամը մի շարք ահաբեկչություններ է կազմակերպել Նիգերիայում, որոնց զոհ են գնացել տասնյակ մարդիկ: