29 օգոստոսի 2011 - 20:00 AMT
ՏԿՆ-ում քննարկել են «Հազարամյակի մարտահրավերներ»-ի կողմից ոռոգման համակարգում իրականացվող ծրագրերը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր` օգոստոսի 29-ին, ընդունեց «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի (ՀՄԿ) հայաստանյան ծրագրի տնօրեն Ալեքս Ռասինին: Հանդիպմանը մասնակցում էր նաև «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ -Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը:

Քննարկվեցին «ՀՄՀ -Հայաստան»-ի կողմից ոռոգման համակարգում իրականացվող ծրագրերի ավարտի հետ կապված հարցեր: Մասնավորապես անդրադարձ եղավ աշխատանքների ընթացքում նկատված թերությունների շտկմանը: Փոխվարչապետին տեղեկացվեց, որ ծրագրով վերականգնված բոլոր պոմպակայանները փորձարկվում են` շահառուներին հանձնելու համար:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ այդ հարցերը լինելու են ուշադրության կենտրոնում, և կառավարությունում հետևողական են լինելու, որպեսզի շահառուներին հանձնվեն լիարժեք և անխափան գործող կառույցներ:

Ներգրավված շինարարական կազմակերպությունների հետերաշխիքային աշխատանքների իրականացման վերաբերյալ ևս պայմանավորվածություն ձեռք բերվեց, հաղորդում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին: