30 օգոստոսի 2011 - 11:47 AMT
Սեյրան Օհանյան. Հայաստանը ձգտում է իր ավանդն ունենալ միջազգային հանրության պաշտպանության գործում

Այսօր ՀՀ ԶՈւ առաջ երկու խնդիրներ են դրված` ազգային անվտանգության երաշխիքների զարգացում և երկրի մասնակցության ավելացում անվտանգության միջազգային երաշխիքների ապահովման գործում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Նոյեմբերյանի մոտ գտնվող ՀՀ սահմանամերձ զորամասերից մեկում: Նրա խոսքով, Հայաստանը, լինելով միջազգային հանրության մաս, ձգտում է իր ավանդն ունենալ նրա պաշտպանության գործում: Այդ առումով նա նշել է, որ ՀՀ խաղաղապահ ուժերն առաքելություն են կատարում Կոսովոյում, իսկ ավելի վաղ եղել են Իրաքում:

«Այսօր հայ խաղաղապահները գտնվում են ամենավտանգավոր գոտում` Աֆղանստանում, որտեղ ժամանման առաջին օրվանից մեր զինվորներն իրենց պատրաստվածությամբ զարմացրել են գերմանացի զինվորականներին»,- ասել է Օհանյանը: ՀՀ խաղաղապահ ուժերի վերապատրաստումը ելնում է նրանց փորձից, քանի որ իրենց սահմանների պաշտպանության դեպքում հայ զինվորները մասնակցում են գործողությունների, որոնք ոչնչով չեն զիջում Աֆղանստանի գործողություններին»,- ասել է Ս. Օհանյանը: