30 օգոստոսի 2011 - 16:59 AMT
Հայաստանի նախագահ. Ադրբեջանի նոր արկածախնդրության պարագայում նրան կրկին խաղաղություն կպարտադրվի

«Հարավային Սուդանը, տասնամյակներ տևած պայքարից հետո, ձեռք բերեց իր անկախությունը` հարստացնելով ինքնորոշման իրավունքի իրագործման համաշխարհային փորձը ևս մեկ նախադեպով: Արցախը այդօրինակ ելքը նույնպես անխուսափելի է»,- հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում օգոստոսի 30-31-ին անցկացվող ՀՀ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցության շրջանակներում:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ այսօր դեռևս չի կարող խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում Ադրբեջանի դիրքորոշման մեղմացման մասին:

Նախագահը իր խոսքում նաև անդադարձավ Կազանի ձախողված հանդիպմանը՝ մատնանշելով Հայաստանի հետագա քայլերը. «Անկախ Ադրբեջանի ապակառուցողական վարքագծից, Հայաստանը, ինչպես և նախկինում, շարունակելու է իր ջանքերը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ, միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության մեջ արտացոլված սկզբունքների հիման վրա կարգավորելու ուղղությամբ»: Սերժ Սարգսյանը միևնուն ժամանակ նշել է Հայաստանի դիրքորոշման հաստատակամության և հստակության մասին: «Մենք ունենք կարմիր գիծ, որ չենք կարող երբեք հատել»,- ասել է նախագահ:

Հանրապետության ղեկավարը հերթական անգամ նշել է, որ Ադրբեջանի ռազմատենչ ու հայատյաց վարքագիծն անընդունելի է, և մեր քայլերը կլինեն համարժեք: «Համոզված եղեք` նոր ռազմական արկածախնդրության պարագայում Հայաստանը չի վարանելու կրկին հակառակորդին խաղաղություն պարտադրել»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը: