30 օգոստոսի 2011 - 17:23 AMT
Հայաստանը չի ափսոսում Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու նախաձեռնության համար

Հայաստանը ափսոսանք չի ապրում Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու նախաձեռնություն դրսևորելու համար: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ելույթ ունենալով Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում օգոստոսի 30-31-ին անցկացվող ՀՀ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցության շրջանակներում:

Նրա խոսքով Հայաստանը կարող էր ափսոսալ, քանի որ Թուրքիան հրաժարվեց իր պարտավորություններից, իսկ հայկական կողմը հսկայական քաղաքական կապիտալ ծախսեցինք: «Կարծում եմ` այս լսարանում ներկաները հասկանում են, որ այդ նախաձեռնությունը բարձրացրեց Հայաստանի միջազգային հեղինակությունը և ցրեց նոր ու ժամանակակից Թուրքիայի մասին մեր գործընկերների պատրանքները` բացահայտելով հայերիս համար պատմական փորձով ճանաչելի քաղաքականության արդի դրսևորումները»,- նշել է նախագահը, միևնույն ժամանակ հալելով, որ Հայաստանը հավատարիմ է Հայաստան-Թուրքիա հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու ուղուն և դիրքորոշմանը: «Թուրքիան պետք է իր մեջ ուժ գտնի հարգելու իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները` տուրք չտալով իրեն ժամանակակից տարածաշրջանային պետություն համարողին պատիվ չբերող պահանջներին»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Նա նաև շեշտել է, որ թուրքական կողմը պետք է հասկանա նաև, որ այս արձանագրությունները բաց, անժամկետ հնարավորություն չեն: «Մեր բարեկամներից շատերը մեզ խորհուրդ էին տալիս սպասել մինչև Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները: Այնպես որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում մենք կտեսնենք` արդյո՞ք խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայում առկա է մոտեցումների փոփոխություն, թեև անկեղծորեն ասած` անցած երկու ամիսները լավատեսության հիմքեր չեն տվել: Ըստ այդ դիտարկումների` մենք կորոշենք նաև արձանագրությունների ուղղությամբ մեր հետագա քայլերը»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Թուրքիայի Մեծ ազգային ժողովն օրակարգից 898 օրինագիծ է հանել, որոնց թվում էին նաև 2009 թվականին ստորագրված Հայ-թուրքական արձանագրությունները:

Արձանագրություններն օրակարգից հետ կանչելու գլխավոր պատճառ է ծառայել նոր խորհրդարանի դիրքորոշումը, որը հայ-թուրքական սահմանի բացման հարցն առաջնայնությունը կորցրած է համարել Թուրքիայի քաղաքական ուղու մեջ: Բացի դրանից, խորհրդարանի կանոնադրության համաձայն, խորհրդարանի կողմից մեկ կիսամյակի ընթացքում չընդունված հարցը կորցնում է իր իրավաբանական ուժը:

2009 թվականին շվեյցարական կողմի միջնորդությամբ Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմետ Դավութօղլուն ստորագրեցին երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայ-թուրքական արձանագրությունները: Սակայն 2010թ. ապրիլի 22-ին Հայաստանի նախագահը հրամանագիր ստորագրեց Արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու մասին, քանի որ թուրքական կողմը անհիմն կերպով ձգձգում էր այդ փաստաթղթերի վավերացումը խորհրդարանում: