31 օգոստոսի 2011 - 11:48 AMT
Սեպտեմբերի 1-ին տեսողության խանգարում ունեցող երեխաներին կնվիրեն 1000 բրայլյան տետր

Գիտելիքի և դպրության օրը՝ սեպտեմբերի 1-ին Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցին կհանձնվեն բրայլյան տետրեր։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամից տեղեկացնում են, որ «Մանկան աչքեր» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում պատրաստվել է 1000 տետր, ինչի շնորհիվ կբարելավվի կույր և տեսողության խանգարումներ ունեցող երեխաների ուսումնական գործընթացը:

Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում սովորում է մոտ 100 երեխա Երևանից, Հայաստանի տարբեր մարզերից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից։ Աշակերտների մոտ 50 տոկոսը կույր է, մյուսներն ունեն տեսողության տարբեր աստիճանի խանգարումներ։ Այստեղ ուսանող երեխաները հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքներից են։

«Բրայլն» ունիվերսալ կետային գրելու համակարգ է կույրերի համար: Այն հնարավորություն է տալիս կույր և տեսողության խանգարումներ ունեցող երեխաներին ստանալ կրթություն և օգտվել հոգևոր մշակույթի բոլոր արժեքներից: