31 օգոստոսի 2011 - 18:37 AMT
Արցախի Մեծ շեն գյուղը շատ արագ տեմպերով զարգացում է ապրում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 31-ին այցելել է Մարտակերտի շրջանի Մեծ շեն գյուղ, որտեղ մասնակցել է մի շարք տոնական միջոցառումների:

Երկրի ղեկավարը ներկա է գտնվել վերանորոգված դպրոցի, նորակառույց եկեղեցու, հանդիսությունների սրահի, գյուղապետարանի եւ մակարոնի արտադրամասի բացման հանդիսավոր արարողություններին:

Նախագահն այս բոլոր կառույցները որակել է որպես գյուղի կենսագործունեության կարեւորագույն բաղադրամասեր եւ ընդգծել, որ դրանք նոր որակ կհաղորդեն Մեծ շենի զարգացմանը:

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել բարերարներ Կառլեն եւ Արմեն Եսայաններին` հայրենի գյուղին մշտական աջակցություն ցուցաբերելու համար, նշելով, որ արցախյան գյուղի վերականգնման գործում պետությունը մեծ տեղ է հատկացնում բարերարների հետ համագործակցությանը:

Միջոցառումներին ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ԼՂՀ եւ ՀՀ խորհրդարանների եւ կառավարությունների անդամներ, հյուրեր Հայաստանից եւ Սփյուռքից: