1 սեպտեմբերի 2011 - 13:26 AMT
Սեյրան Օհանյանն անպատիժ չի թողնի սպանությունները բանակում, վստահ է Հայաստանի ոստիկանապետը

Հայաստանի ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը հանդիպել է բանակում մահացած զինվորների ծնողների հետ, որոնք բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի դիմաց: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը դեպքի վայրից, Սարգսյանը խոստացել է ծնողներին հանդիպում կազմակերպել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, որի ընթացքում նրանք կարող են տալ իրենց հետաքրքրող բոլոր հարցերը: «Սեյրան Օհանյանն այնքան ինտելեկտ և հայրենասիրություն ունի, որ կարող է ձեզ տալ կոնկրետ պատասխաններ` չթաքցնելով ինչ-որ բան»: Պաշտպանության նախարարն ինքն է առաջին հերթին դատապարտում բանակում սպանության դեպքերը և ինչ-որ մեկին անպատիժ չի թողնի,- հավելել է նա: Միաժամանակ ոստիկանության պետը հրաժարվել է մեկնաբանել բանակում կատարվող միջադեպերը, հայտարարելով, որ դա չի վերաբերվում իր գործունեությանը:

Հայաստանի կառավարության շենքի մոտ տեղի է ունենում «Բանակն առանց սպանությունների» ՀԿ-ի բողոքի ակցիան, որին միացել են բանակում սպանված զինվորների ծնողները: Ծնողները պահանջում են հանդիպում կազմակերպել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: