1 սեպտեմբերի 2011 - 15:45 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Մբամբայի մարզիչը վստահ է, որ իրենք կխլեն չեմպիոնի գոտին Դարչինյանից

IBO վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանի ու WBC արծաթե գոտու տիտղոսակիր Էվանս Մբամբայի մենամարտից առաջ Երևանում կայացած մամլո ասուլիսում Մբամբայի մարզիչ և մենեջեր Նիկոլյա Դուրանդը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին՝ նշելով, որ իր թիմն ուրախ է գտնվել Հայաստանում: «8 շաբաթ մենք մարզվեցինք, և սեպտեմբերի 3-ին գեղեցիկ մենամարտ ցույց կտանք երկրպագուներին: Վիկը շատ խիզախ բռնցքամարտիկ է, սակայն չեմպիոնի գոտին մենք մեր հետ կտանենք: Մեզ համար կարևոր չէ, որ մենամարտը Հայաստանում է անցնելու և Վիկը շատ երկրպագուներ ունի, մենք պատրաստ ենք հանդիպման»,-ասել է Դուրանդը:

Իր հերթին Դարչինյանի մենեջեր Էլիաս Նասսերը նշել է, որ իրենք դժվարությամբ կարողացան կազմակերպել մենամարտը Հայաստանում: «Բոլորը գիտեն, որ մրցակիցները վախենում են Վիկից, մեզ համար դժվար էր այս մենամարտի մասնակցի գտնել: Մբամբան շատ ուժեղ բռնցքամարտիկ է, մենք մտադիր էինք նրա հետ մենամարտ կազմակերպել դեռ 2 տարի առաջ, սակայն, չստացվեց»,-ասել է նա:

Բռնցքամարտի երեկոն տեղի կունենա սեպտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում: Վիկ Դարչինյան-Էվանս Մբամբա մենամարտը գլխավորը կլինի: Մինչ այդ տեղի կունենա 4-ռաունդանոց մենամարտ մինչև 55,5կգ քաշային կարգում՝ Ազատ Հովհաննիսյան (Հայաստան)-Սերգեյ Պասիմով (Լատվիա), 8-ռաունդանոց՝ Գաբրիել Տոլմաջյան և Եվգենի Ֆյոդորով (Էստոնիա, 59 կգ ք/կ) և Հովհաննես Ժամկոչյան-Միխայիլ Գոգոնաշվիլի (Վրաստան, 60կգ ք/կ), նա Երևան կժամանի սեպտեմբերի 1-ին:

Նախատեսված էր նաև մենամարտ կանանց մինչև 55 կգ քաշային կարգում՝ Ագնեսսա Բոժան հանդիպելու էր Մարինա Սախարովայի (Ֆրանսիա) հետ, սակայն մրցակիցը հավանաբար չի ժամանի: Մենամարտը կհսկեն Իտալիայից, Ավստրալիայից ու Անգլիայից հրավիրված մրցավարները:

ՖՈՏՈՇԱՐՔ