1 սեպտեմբերի 2011 - 16:25 AMT
Քաղաքապետի համար կրպակատերերի տները քանդելը փիլիսոփայություն է. կրպակատեր

Քաղաքացիական ազգային նախաձեռնությունում սկսվել է քննարկումների շարք Երևանի քաղաքային իշխանությունների կողմից կայացվող որոշումների ու քաղաքացիների իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ։ Այսօր կրպակատերերի, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանի և փաստաբան Տիգրան Հայրապետյանի մասնակցությամբ տեղի ունեցած առաջին քննարկման նպատակն էր հասկանալ գործընթացի բարոյականության և օրինականության ասպեկտները։

Ստեփան Սաֆարյանը հակիրճ ներկայացրեց խնդրի էությունը ու նշեց, որ այս քննարկմանը մասնակցելու հրավեր քաղաքապետարանին չեն ուղարկել. «Այսօր մեր նպատակն է մտքեր փոխանակել, հասկանալ խնդիրը»։

Տիգրան Հայրապետյանը ներկայացրեց Սահմանադրության այն կետերը, ՀՀ այն օրենքները ու միջազգային այն փաստաթղթերը, որոնց հակասում է կրպակների ապամոնտաժման որոշումը։ «Ոչ մի հանձնարարական իրավական ուժ ունենալ չի կարող, եթե այն գրավոր չէ»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ Երևանի քաղաքապետը չի կարող ընդունել այնպիսի որոշում, որը սահմանափակում է քաղաքացիների իրավունքները։ Նա նշեց, որ այդ որոշմամբ խախտվում են Սահմանադրության մի քանի կետեր, հողային օրենսգիրքը, Կառավարության ու քաղաքապետարանի մի քանի տարի առաջ ընդունած և գործող որոշումները։ Կրպակատերերի շահերի պաշտպանության կազմկոմիտեի ներկայացուցիչ Արևհատ Ղազարյանը նշեց, որ սա սոցիալական գերխնդիր է։ «Ցավալի է, որ քաղաքապետը կրպակատերերի տները քանդելը համարում է փիլիսոփայություն»,- ասաց նա՝ անդրադառնալով Կարեն Կարապետյանի տված հարցազրույցներից մեկին։