«Խոսքի իրավունք» միավորումը շնորհավորել է համայն հայությանը Արցախի անկախության օրվա առթիվ: Միավորման տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Արցախում այս քսան տարիները եղել են ահռելի ձեռքբերումների տարիներ: Կայացել են բազմաթիվ պետական ինստիտուտներ, ամրապնդվել և զարգացել են դեմոկրատական արժեքները:
«Մեր իշխանավորները սիրում են հպարտանալ նրանով, որ Արցախի ընտրությունները շատ ավելի են համապատասխանում ժողովրդավարական չափորոշիչներին, քան հարևան Ադրբեջանում, որը միջազգայնորեն ճանաչված պետություն է: Եզակի դեպքերից է, որ համաձայնում ենք նրանց պնդումներին: Չենք ուզում կրկնվել, բայց նշենք, որ այսօր քիչ են այդ մասին տեղեկատվության տարածմանը նպաստող աշխատանքները»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Միավորումը գրում է, որ վիքիփեդիա կայքի սեպտեմբերի 2-ի իրադարձությունների բաժնում չկա Արցախի անկախության մասին տեղեկատվություն. «Սա, իհարկե, մեր միակ բացթողումը չէ, բայց այն թերություններից է, որի շուրջ խորհելու փոխարեն ավելի հեշտ է գործել: Դա այնքան էլ թանկ բան չէ, և չի պահանջում ռազմական բյուջեյի տասնապատկում»: