2008թ. փետրվարի 27-ին ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը ԱՄՆ Պետքարտուղարություն ուղարկած հաղորդագրությունում ներկայացնում է դեսպանատան երկու աշխատակիցների և այն ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանի երկու օգնականների` Միքայել Մինասյանի և Լևոն Մարտիրոսյանի ոչ պաշտոնական հանդիպման մանրամասները:
Հանդիպմանը ոչ պաշտոնական միջավայրում քննարկվել են հետընտրական զարգացումները և ԱՄՆ հնարավոր աջակցությունը Հայաստանում քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը: Մոտ երկու ժամ տևած ոչ ֆորմալ հանդիպման ընթացքում զրուցակիցները «անկեղծ» մտքեր են փոխանակել հետընտրական իրավիճակի և հնարավոր զարգացումների վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է Wikileaks-ը, դեսպանատան աշխատակիցները ներկայացրել են այլ աղբյուրներից ստացված քննադատությունը անցած նախագահական ընտրությունների վերաբերյալ: Փենինգթոնը նշել է, որ վարչապետ Սարգսյանը հավաքել է ավելի շատ ձայներ, քան մյուս բոլոր թեկնածուները, և Միացյալ Նահանգները հույս ունի աշխատել նրա հետ հետընտրական ճգնաժամի խաղաղվելուց հետո:
Ի թիվս անցած ընտրությունների ընթացքում տեղի ունեցած այլ խախտումների, դեսպանատան աշխատակիցները նշել են Մալաթիա շրջանում և այլ թաղամասում կատարված բռնությունները թաղային հեղինակությունների կողմից: Դեսպանատան աշխատակիցները նկատել են, որ ոստիկանությունը բարձր արհեստավարժություն է ցուցաբերել` խուսափելով ցուցարարների հետ բախումներից, ինչին Մինասյանը պատասխանել է, որ ամեն առավոտ վարչապետ Սարգսյանը զանգահարում է ոստիկանության ղեկավարներին և ասում, որ «եթե որևէ խնդիր լինի, ես ձեզ եմ անձնապես պատասխանատվության ենթարկելու և չեմ ընդունելու «ով սկսեց առաջինը» տիպի բացատրություններ»:
Ընդունելով դեսպանատան աշխատակիցների քննադատությունը` Մինասյանը նշել է, որ «Լևոն Տեր-Պետրոսյանը պրոֆեսիոնալ հեղափոխական է, ով մեծ դեր է ունեցել Խորհրդային Միության փլուզման գործում» և դժվար թե գնա զիջումների և «ողջամիտ փոխզիջման», այլ կպահպանի իր կոշտ քաղաքական գիծը: Մինասյանը նաև վստահություն է հայտնել, որ կարճ ժամանակ անց Տեր-Պետրոսյանը գնալու է հրապարակային սադրանքների` հասարակական դժգոհությունը սրելու համար:
«Պայքար Հայաստանի հոգու համար» ենթավերնագրում հաղորդագրությունում նշվում է, որ Երևանի շրջակա համայնքների «զորեղ օլիգարխները»` առաջնորդվելով խորհրդային սխալ մտածելակերպով իրենց գործողություններով վնասել են վարչապետ Սարգսյանի հեղինակությանը:
Դիվանագետի այդ դիտարկման վերաբերյալ Մինասյանը նշել է, որ ստանձնելով իշխանության ղեկը որպես պետության ղեկավար, Սարգսյանը անելու է ամեն ինչ երկրում օրենքի գերակայությունը ապահովելու համար և «վերջ է դնելու նման մարդկանց անպատժելիությանը», բայց դա շատ ավելի դժվար է լինելու, եթե հետընտրական ճգնաժամում ԱՄՆ աջակցության բացակայության պատճառով վարչապետը հենվի նման մարդկանց օժանդակության վրա: Փոխարենը, ճգնաժամից դուրս գալու համար Սերժ Սարգսյանին քաղաքական աջակցություն ցուցաբերելով` Արևմուտքը կմեծացնի խոստումները կատարելու գալիք վարչակազմի հնարավորությունները: «Ում հանդեպ է Սարգսյանի համար ավելի լավ պարտավորված լինել` հարստահարող հին բարոնների, թե արևմտյան կրթություն ստացած երիտասարդ սերնդին», - հռետորական հարց է ուղղել Մինասյանը` մատնանշելով Լևոն Մարտիրոսյանին:
Ամերիկացի դիվանագետները նաև նշել են, որ գոհ են հայտնել «անկեղծ» քննարկում ունենալու հնարավորության համար, պատրաստակամություն հայտնելով «մատնանշել և վերացնել ընտրությունների հետ կապված խնդիրները` նորընտիր նախագահի լեգիտիմությունը ապահովելու համար»: