5 սեպտեմբերի 2011 - 09:40 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
ԲարՔեմփ Արցախ 2011. GTUG Հայաստան խումբը հայտարարում է մրցույթ Google-ի սիրահարների համար

Սեպտեմբերի 2-5-ը Շուշիում անցկացվող «ԲարՔեմփ Արցախ 2011» տեղեկատվական տեխնոլոգիաներին նվիրված չկոնֆերանսին մասնակցում էին նաև GTUG Հայաստան խմբի (Google technology User Group Armenia) երկու մոդերատորները՝ Վարդան Պապիկյանը և Վարդան Գրիգորյանը:

Նրանք միասին հանդես եկան երկու շնորհանդեսով: Նախ ներկայացրեցին, թե երբ և ինչպես է ստեղծվել GTUG Հայաստան խումբը և որոնք են խմբի նպատակները: «Google Technology User Group Google-ի տեխնոլոգիաներով հետաքրքրված մարդկանց և կազմակերպությունների խումբ է, որոնք պարբերաբար հավաքվում են և քննարկում տեխնոլոգիական տարբեր թեմաներ: Խումբը բաց է նաև նոր նախագծերի և նոր մտքերի քննարկման և զարգացման համար», - նշեց Վարդան Գրիգորյանը:

Այնուհետև խմբի մոդերատորները տեղեկացրեցին խմբի կողմից հայտարարված «Google-ն իմ աչքերով» նոր մրցույթի մասին: Սա GTUG Հայաստան խմբի կողմից կազմակերպվող առաջին մրցույթն է: Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, հատկապես Google սիրողները և ստեղծարար միտք ունեցողները, քանի որ մրցույթի թեման է՝ «Ինչպես եք պատկերացնում Գուգլը»:

Յուրաքանչյուր մասնակից մինչև սեպտեմբերի 27-ը պետք է ներկայացնի հետաքրքիր նյութի կամ լուսանկարի կամ գրաֆիկական պատկերի կամ տեսահոլովակի կամ ծրագրային լուծմած տեսքով, թե ինչ է իր համար Google-ը: Իրենց ստեղծարար աշխատանքները մասնակիցները կարող են հրապարակել իրենց բլոգում և լինքն ուղարկեն GTUG Հայաստան խմբին:

«Հայտերի ընդունումից հետո անցկացվելու է օնլայն քվերակություն սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 20-ը, ապա քվեարկության հաշվարկ և ժյուրիի ընտրություն: Դե իսկ հոկտեմբերի 25-ին մենք կհայտնենք հաղթողներին և կհանձնենք մրցանակներ 5 տեղերում»,-պատմեց Վարդան Գրիգորյանը:

Ըստ Վարդան Գրիգորյանի՝ որպես մրցանակներ հանձնվելու են Google շապիկ, պայուսակ, ժակետ, օրական 2000-3000 ցուցադրությամբ Adverox գովազդային ծառայությունից անվճար օգտվելու հնարավորություն, դե իսկ 1-ին տեղ զբաղեցնողը կստանա նշված նվերներից բոլորը:

«ԲարՔեմփ Արցախ 2011» չկոնֆերանսի կազմակերպիչն է «Արցախի կրթական հիմնադրամ»-ը, աջակիցը՝ Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը։ «ԲարՔեմփ Արցախ-2011»-ը ինտերնետով ապահովում է «Արմինկո» ընկերությունը։

ՖՈՏՈՇԱՐՔ