5 սեպտեմբերի 2011 - 11:45 AMT
Մանկաբարձ-գինեկոլոգի ոչ պրոֆեսիոնալ գործողություններից տուժած նորածինը մահացել է

Վայքի հիվանդանոցի ծննդատան բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանի գործողությունների հետևանքով տուժած նորածին երեխան մահացել է։ Մուրացանի անվան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրեցին, որ երեխան մահացել է սեպտեմբերի 4-ին ժամը 3-ի սահմաններում։

Վայքի հիվանդանոցի ծննդատան բաժանմունքի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ Մետաքսյա Հովհաննիսյանի ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունքի և գործողությունների արդյունքում նորածին երեխայի ուղեղում հայտնաբերվել էր գանգի հարվածից առաջացած արյան զեղում ու որևէ բան անել անհնարին էր: Երեխային տեղափոխել էին Երևանի Մուրացանի անվան հիվանդանոց, որտեղ նրան հետազոտել էր առողջապահության նախարարի հրամանով կազմված հատուկ հանձնաժողովը։ Բժշկուհի Հովհաննիսյանը հերքել է իրեն ներկայացվող մեղադրանքը։ Վայքի ոստիկանությունը սկսել է գործի վերաբերյալ նյութեր հավաքել։