5 սեպտեմբերի 2011 - 20:38 AMT
Հայաստանի փոխվարչապետը կարևոր է համարում Հայ մարմնակրթական միության գործունեությունը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն սեպտեմբերի 5-ին Ծաղկաձորում մասնակցեց Հայ մարմնակրթական ընդհանուր միության (Հ.Մ.Ը.Մ.) պատգամավորական 10-րդ ընդհանուր ժողովի բացմանը:

Ժողովին մասնակցում են Հ.Մ.Ը.Մ.` աշխարհի 20 երկրներում գործող ավելի քան 100 մասնաճյուղերից շուրջ 110 պատգամավորներ: Պատգամավորական ընդհանուր ժողովը Հ.Մ.Ը.Մ. բարձրագույն ժողովն է, որն անցկացվում է 4 տարին մեկ անգամ և ընտրում է միության ղեկավար մարմինը` կենտրոնական վարչությունը:

Շփվելով ընդհանուր ժողովի մասնակիցների հետ՝ ՀՀ փոխվարչապետը կարևորեց միության գործունեությունը՝ Սփյուռքում հայապահպանության, հայ երիտասարդների միավորման և հայրենիքի գաղափարի շուրջ համախմբման առումով: Հայաստանում ընդհանուր ժողովի անցկացումը մասնակից սփյուռքահայերին ևս մեկ հնարավորություն է ընձեռում ավելի լավ ճանաչել հայրենիքը: