Ադրբեջանի իշխանությունները համոզված են, որ WikiLeaks ինտերնետ-աղբյուրը ԱՄՆ Պետքարտուղարության հետ համաձայնեցրած փաստաթղթեր է հրապարակում` ուղղված սադրանքների: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Գասանովը:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Գասանովն ընդգծել է, որ այդ ամենի ետևում մեծ ուժեր են կանգնած, և կգա ժամանակը, երբ հայտնի կդառնա, թե ով են նրանք. «Դա արված է, որպեսզի երկրների և դրանց առաջնորդների միջև կռիվ հրահրվի, նրանց միջև անվստահություն սերմանվի»:
Սեպտեմբերի սկզբին WikiLeaks պորտալը հրապարակել է ԱՄՆ Պետքարտուղարության գաղտնի հեռագրերի ողջ արխիվը, փաստաթղթերի ընդհանուր թիվը հասնում է 250 հազարի:
Հրապարակված փաստաթղթերի թվում եղել են ամերիկյան դիվանագետների հաշվետվությունները Իլհամ Ալիևի հետ հանդիպումների արդյունքների վերաբերյալ, որտեղ նա բացասական գնահատական է տալիս Էրդողանի կառավարությանն ու քննադատում Իրանի նախագահին, ինչպես նաև դիվանագետների հեռագրերը, որոնք Ալիևի հասցեին ուղղված քննադատություն են պարունակում: