6 սեպտեմբերի 2011 - 14:40 AMT
150 մլն դրամ յուրացնելու դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ

Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՓԲ ընկերության տնօրենի կողմից վատնման եղանակով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ: Դատախազությունից տեղեկացնում են, որ Լոռու մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության նկատառումներով նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ Վանաձորի «Ավտոգենմաշ» ՓԲ ընկերության տնօրենը, ով հետագայում եղել է նաև նույն ընկերության հավատարմագրային կառավարիչը 2002-2004թթ. ընթացքում խախտելով «Պետական գույքի մասնավորեցման մասին» ՀՀ օրենքի դրույթները, առանց լուծարման հանձնաժողովի որոշման, շուկայականից ակնհայտ ցածր գներով օտարել է ընկերությանը պատկանող Վանաձոր քաղաքի ինժեներալաբորատոր մասնաշենքը, հողամասեր, շինություններ, արտադրամասեր, պահեստ, վարչական շենք, կաթսայատուն և կաթսայատան սպասարկման համար նախատեսված օժանդակ շինություններ, ծածկարան, կենցաղսպասարկման համալիրի շենքը:

Արդյունքում` վատնման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափի` շուրջ 150 մլն. դրամ գումար:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործն ուղարկվել է ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժին` նախաքննություն կատարելու համար: