ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում ՀՀ ՏԿՆ միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը ներկայացրել է «ՀՀ-ից սկիզբ առնող անկանոն միգրացիայի երևույթի ուսումնասիրություն և դրա կանխարգելման նպատակով առաջարկությունների ներկայացում» ՀՀ կառավարության 2011թ. գերակա խնդրի առնչությամբ մշակված փաստաթղթի նախագիծը:
ՏԿՆ հասարակության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ փաստաթղթում ներկայացված են միգրացիայի հետ կապված ընդհանուր հարցեր, նկարագրվում են ՀՀ-ից միգրացիոն հոսքերի ծավալներն ու ուղղությունները, անկանոն միգրացիայի դրսևորումները, վեր են հանվում անկանոն միգրացիա երևույթին բնորոշ խնդիրները, և այս ամենի հիման վրա ներկայացվում են առաջարկություններ և միջոցառումներ` ուղղված ՀՀ-ից սկիզբ առնող անկանոն միգրացիայի կանխարգելմանը:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը առաջարկել է փաստաթղթում գործնական առաջարկություններ ներառել` կապված հայաստանյան իրողությունների հետ։ Գևորգյանը միգրացիոն ծառայության պետին հանձնարարել է նաև փաստաթղթի վերաբերյալ մասնագիտական քննարկումներ կազմակերպել` Ազգային ժողովի, Հանրային խորհրդի համապատասխան հանձնաժողովների, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: