6 սեպտեմբերի 2011 - 18:52 AMT
Ծաղկաձորում կայացավ Հ.Մ.Ը.Մ. պատգամավորական 10-րդ ընդհանուր ժողովի բացման արարողությունը

Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը սեպտեմբերի 6-ին Ծաղկաձորում մասնակցել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության (Հ.Մ.Ը.Մ.) պատգամավորական 10-րդ ընդհանուր ժողովի բացմանը: Ինչպես հաղորդում է ՀՀ Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապի ծառայությունը, ժողովին մասնակցում են Հ.Մ.Ը.Մ.` աշխարհի 20 երկրներում գործող ավելի քան 100 մասնաճյուղերից շուրջ 110 պատգամավորներ: Պատգամավորական ընդհանուր ժողովը Հ.Մ.Ը.Մ. բարձրագույն ժողովն է, որն անցկացվում է 4 տարին մեկ անգամ և ընտրում է միության ղեկավար մարմինը` կենտրոնական վարչությունը: Շփվելով ընդհանուր ժողովի մասնակիցների հետ` փոխվարչապետը կարևորեց միության գործունեությունը` սփյուռքում հայապահպանության, հայ երիտասարդների միավորման և հայրենիքի գաղափարի շուրջ համախմբման առումով: