6 սեպտեմբերի 2011 - 20:00 AMT
Տիգրան Համասյանի երևանյան համերգի տոմսերն արդեն վաճառվում են

Բազմաթիվ հեղինակավոր միջազգային մրցույթների դափնեկիր, 2006 թ. Մոնքի անվան միջազգային ջազ մրցույթի հաղթող, ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի բարեգործական համերգաշարի եզրափակիչ համերգի տոմսերն արդեն վաճառվում են: Դաշնակահարի երկրպագուներն այսուհետ կարող են համերգի 5000, 10 000 և 15 000 դրամ արժողությամբ տոմսերը ձեռք բերել Ֆիլհարմոնիայի տոմսարկղից: Համերգաշարի շրջանակում, որը կազմակերպել է PanARMENIAN Media-ն, Համասյանը ելույթ կունենա նաև Գյումրիում և Ստեփանակերտում «Universal Music» ընկերությունում թողարկած Համասյանի «A Fable» նոր ձայնասկավառակի ընծայման առթիվ: Բացի դրանից, նրա երկրպագուները համերգաշարի ընթացքում բացառիկ հնարավորություն ունեն ձեռք բերել «A Fable»-ի 100 օրինակ Համասյանի մակագրությամբ:

Սեպտեմբերի 17-ին տրիոն համերգ կտա Արցախում` ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության պալատում, սեպտեմբերի 18-ին Երևանի Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում, սեպտեմբերի 19-ին Գյումրու Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում:

Համասյանը հայրենիքում ունեցել է 2 համերգ: Առաջինը ուդահար Դաֆեր Յուսեֆի հետ համատեղ բարեգործական համերգն էր, երկրորդը` հայկական ջազի 70-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում կայացած համերգը ARATTA REBIRTH խմբի հետ: Երևանում կայանալիք համերգը իր տեսակով բացառիկ է, քանի որ այստեղ դաշնակահարը մի ամբողջ հատված ելույթ է ունենալու միայնակ, առանց «Տիգրան Համասյան տրիոյի» մյուս երաժիշտների (Սամ Մինայե - բաս, Արի Հոենիգ - հարվածայիններ):

Տիգրան Համասյանը ծնվել է 1987 թվականին Գյումրիում: Ավարտել է Երևանի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցը, այնուհետև ընդունվել Պ. Չայկովսկու անվան երաժշտական ուսումնարան: Կարճ ժամանակ անց Համասյանը տեղափոխվել է Նյու Յորք:

Միայն 2003-ին արժանացել է տարբեր կարգի մրցանակների 5 մրցույթներում, մասնավորապես՝ 3-րդ տեղը Փարիզի ջազ-դաշնակահարների միջազգային մրցույթում, առաջին տեղը Jazz a Juan Revelations-ում, Montreux Jazz Solo Piano Competition-ում, երրորդ տեղը Ջազ-դաշնակահարների մոսկովյան առաջին միջազգային մրցույթում, առաջին տեղը` Մոնակոյի ջազ-դաշնակահարների մրցույթում: 2004-ին լույս է տեսել Տիգրան Համասյանի դեբյուտային ալբոմը` ձայնագրված WORLD PASSION քառյակի հետ: 2008-ին` Նյու Յորք տեղափոխվելուց առաջ, ARATTA REBIRTH խմբի հետ ձայնագրել է «Red Hall» կոչվող ալբոմը: Ներկայում Տիգրան Համասյանը հանդես է գալիս ջազի համաշխարհային աստղերի հետ, գրում և ձայնագրում է նոր ստեղծագործություններ, հրավերներ ստանում աշխարհի լավագույն ջազ փառատոններից և համերգներով հանդես գալիս աշխարհի տարբեր երկրներում: