6 սեպտեմբերի 2011 - 20:59 AMT
«Նարեկացի» արվեստի միության նախագահը պարգևատրվել է ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալով

Հայաստանի Մշակույթի նախարությունը «Նարեկացի» արվեստի միության յոթամյակի պատվին միության նախագահ և հիմնադիր Նարեկ Հարությունյանին շնորհել է ՀՀ Մշակույթի նախարարության բարձրագույն պարգևը` նախարարության Ոսկե մեդալը` հայ մշակույթի զարգացման և տարածման ասպարեզում ունեցած նշանակալի ավանդի համար: Ինչպես հաղորդում է արվեստի միության մամլո ծառայությունը, պարգևը շնորհել է մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը: «Հարկ է մեկ անգամ այցելել այս կենտրոն, որպեսզի սիրահարվես կենտրոնին ու նրա գործունեությանը», – նշել է փոխնախարարը` հավելելով, որ ՀՀ Մշակույթի նախարարությունն ու «Նարեկացի» արվեստի միությունը լավագույն բարեկամներ են և իրականացրել են համատեղ բազմաթիվ նախագծեր, և որ Մշակույթի նախարարությունն առհասարակ բարձր է գնահատում այսպիսի կենտրոնների ներդրումն ու կարևորությունը երկրի մշակութային կյանքում: