«Արաբո» ջոկատի բոլոր անդամները 1992-ի ամռանն անհայտ կորան: Այդ մասին Անհայտ կորած ազատամարտիկների օրվան նվիրված մամլո ասուլիսում հայտարարել է «Արաբո» ջոկատի հրամատար Մանվել Եղիազարյանը: Նրա խոսքով, կան տեսանյութեր, որոնցում ադբեջանցիները ներկայացնում են մահացածների մարմինները: Միաժամանակ նա հաղորդել է, որ զոհվածների շարքում 21 հոգի եղել է «Արաբո» ջոկատից, 29-ը` Արմավիրի վաշտից, 19-ը` Ղարաբաղից, 7-ը` «Զեյթուն» ջոկատից: «Մենք գիտենք, թե որտեղ են մեր ընկերների աճյունները և համապատասխան միջոցներ ենք ձեռնարկել նրանց աճյունները հայրենիք վերադարձնելու համար, սակայն մեր փորձերն անհաջողությամբ են պսակվել»,- ասել է նա: Եղիազարյանի խոսքով, նախագահ Սերժ Սարգսյանի և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հայկական կողմը փորձել է նույնիսկ փոխանակել զոհված ադրբեջանցի զինվորների աճյունները հայերի աճյունների հետ, «բայց ադրբեջանական կողմն առանց պատճառի հրաժարվում է վերադարձնել նրանց աճյունները»:
Անդրադառնալով նրան, թե մտադիր են արդյոք նրանք հետագայում ինչ-որ քայլեր ձեռնարկել իրենց ընկերների աճյունները հայրենիք վերադարձնելու համար, Եղիազարյանն ասել է, որ այդ հարցի լուծումն ավելի իրական կլինի, երբ կարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը:
«Արաբո» ջոկատն արցախյան պատերազմի տարիներին մարտնչել է ամենաթեժ կետերում և հայտնի է եղել իր խիզախ զինվորներով: