«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը տվյալ պահին համապատասխանում է հայկական կողմի շահերին: Ինչպես Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Մանվել Եղիազարյանը, բանակցային գործընթացում հայկական կողմն արդեն հստակ ամրապնդել է իր դիրքորոշումն այն հարցում, որ Արցախի ժողովուրդն ինքնորոշվել է: «Ես չեմ ասում, որ ղարաբաղյան գործընթացն ավարտվել է, սակայն մենք սկսել ենք քայլեր կատարել, որոնք համապատասխանում են մեր շահերին: Այո, Արցախի ժողովուրդն արդեն ինքնորոշվել է, և ոչ ոք իրավունք չունի դրան խոչընդոտել»,- ասել է նա:Նրա խոսքով, վերջերս ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը սկսել է ավելի շատ համապատասխանել հայկական կողմի շահերին: Այդ առումով նա նշել է, որ դրա մասին վկայում են վերջին երկու հանդիպումները: