7 սեպտեմբերի 2011 - 14:19 AMT
Ալեքսան Հարությունյան. «Աննա»-ն հումանիտար օգնություն է ցույց տվել «Չենք լռելու» նախաձեռնությանը

Ալեքսան Հարությունյանը վստահ է, որ հեռուստասերիալների միջև հայտարարվող ցանկացած մրցույթում «Աննա»-ն կլինի առաջին տեղում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահն անդրադարձավ «Չենք լռելու» կազմակերպության կողմից «Աննա» սերիալին «Աղբ եթերից» մրցանակի շնորհմանը։

«Եթե անգամ սերիալներում խաղացող աղջիկների գեղեցկության մրցույթ լինի, էլի «Աննայից» ինչ-որ մեկը կշահի։ Սա շատ լավ գովազդ էր այդ նախաձեռնության համար, որի մասին շատերը չէին լսել։ Այս քայլով նախաձեռնությունը միանգամից հայտնվեց լրատվական կայքերի ու թողարկումների թոփ-լուրերի մեջ։ Սա ընդունենք որպես «Աննա» սերիալի կողմից հումանիտար օգնություն այդ շարժմանը»,- ասաց Ալեքսան Հարությունյանը։ Նա նշեց, որ այնուամենայնիվ «Չենք լռելու» երիտասարդական շարժումը բավական լավ գործեր է անում և մի շարք օգտակար նախաձեռնություններով է հանդես եկել։

Բանախոսը նշեց,, որ ընթացող 3 սերիալից 2-ը՝«Քաղցր կյանքը» և «Աննա 2», կավարտվեն մինչև տարեվերջ, իսկ «Հրեշտակների դպրոցը» կշարունակվի մինչև ամառային արձակուրդներ, երբ սերիալի հերոսները կավարտեն դպրոցը։ Նաև նախատեսվում է նկարահանել 22 մասից բաղկացած նոր սերիալ Հայաստանում քրիստոնեության հաստատման մասին. «Այժմ ընթանում են նախապատրաստական աշխատանքները։ Այդ ֆիլմը հեռուստադիոտղների դատին կհանձնենք հաջորդ տարի»։ Հ1-ը նաև կշարունակի վավերագրական ֆիլմերի արտադրությունը։ Սեպտեմբերի 21-ին եթեր կգնա «Գարեգին Նժդեհ» ֆիլմը։